Մունետիկ

Բոլոր բնագավառներում հաղթող ենք ճանաչվելու. Արեն Գևորգյան

Արեն Գևորգյանը կարատեով զբաղվում է 8 տարեկանից, հասել է մինչև սև գոտի 2-րդ դան աստիճանի: Փոքրուց հետաքրքրվել է նաև ջիու-ջիցու մարզաձով և Լոռու մարզում հիմնադրել է ջիու-ջիցուի դպրոց:

Ինչո՞ւ ջիու-ջիցու

   -Ինքնապաշտպանության համար այն մարտարվեստներից ավելի արդյունավետ մարձազև է: Ունի նաև փիլիսոփայական և հոգաբանական կողմեր: Ուշագրավ է, որ այս մարզաձևի բոլոր հնարքները կատարվում են գետնի վրա: Մարզիկը կարող է ընկնել, բայց միևնույն ժամանակ այնպիսի հնարքներ կիրառել, որպեսզի հակառակորդը չկարողանա հաղթել: Դա կարող ենք կապել նաև կյանքի փիլիսոփայության հետ, եթե դու ընկել ես՝ հոգ չէ, կարող ես նաև այդ դիրքից պայքարը շարունակել:

Մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը

   -Բրազիլական ջիու-ջիցուն առհասարակ հայտնի մարզաձև չէ, Վանաձորում սրա մասին ընդհանրապես չգիտեին: Ժամանակի ընթացքում, մեծ ջանք ու եռանդ ներդնելով կարողացա մեր համաքաղաքացիներին ծանոթացնել ջիու-ջիցուին: Արդեն անունը ծանոթ է շատերին, որովհետև ունենք միջազգային մրզումներում հաղթողներ, մրցանակակիրներ: Աշխարհի առաջնություններին այնքան էլ հեշտ չէ՝ Վանաձորում 6-7 տարվա պատմություն ունեցող մարզաձևի մարզիկի համար մենամարտել աշխարհի ուժեղագույնների հետ և հաղթանակով վերադառնալ:

Սպորտը փոքր համայնքներում

   -Մենք այս մարզաձևը ակտիվ կերպով զարգացնում ենք նաև գյուղական համայնքներում: Ներկայումս խմբակ է գործում Դեբետ գյուղում, բայց նպատակ ունենք ծավալվելու նաև մարզի մնացած գյուղերում: Իհարկե, սկիզբը շատ դժվար էր, ինչպես Վանաձորում, այնպես էլ Դեբետում, ունեինք գորգի խնդիր, բայց չերկմտեցինք, սկսեցինք մարզումները չոր հատակի վրա, ինչը շատ դժվար էր, գետնի հպումից կապտուկներ էին առաջանում: Նույնը՝ Դեբետում, որտեղ փոքր երեխաները կարող էին վնասվածքներ ստանալ, սակայն գտնում էի այնպիսի հնարքներ, որ խուսափենք վնասվածքներից: Այս պահին Դեբետում ունենք մեծ խումբ՝ 40 հոգուց բաղկացած, որոնցից արդեն հաղթողներ ունենք, մասնավորապես՝ Վրաստանում կազմակերպված մրցաշարում:

Մարզաշխարհի խնդիրները

   -Հայաստանի մարզաշխարհի խնդիրները շատ են: Այն մարզաձևերը, որոնք զարգանում են, նրանց թիկունքում հիմնականում կանգնած են նվիրյալներ, որոնց նպատակասլացության շնորհիվ այդ մարզաձևերը զարգանում են: Մարզիչները խնդիրներ են ունենում մարզագույքի հետ կապված, որը ես ձեռք եմ բերում հիմնականում իմ միջոցներով: Պետական ֆինասավորում այս մարզաձևերում չկան, բայց մեր մարզիկները կարողանում են Հայաստանի անունը բարձր պահել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *