Մունետիկ

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՊԻԵՍՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

   Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայտարարած Վիլյամ Սարոյանի անվան գրական միջազգային մրցույթում դրամատուրգ, հեքիաթագիր, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ արժանացավ առաջին մրցանակի` «Հաշվիր մինչև տասը կամ ՁՈՒԿԸ ՑԱՄԱՔՈՒՄ» տրագիֆարսի համար: Վ. Սարոյանի անվան միջազգային մրցույթին մասնակցել են տարբեր երկրներից գրողներ տարբեր անվանակարգերում (Հայաստան, Բուլղարիա, Ռուսաստան, Բելառուսիա, Լիտվա, Մոլդովա, Ուկրաինա, Ուզբեկստան և այլն): Դեկտեմբեր ամսվա մեջ սա արդեն 4-րդ մրցանակն է, որին արժանացավ է Է. Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերին նա ստացավ նաև Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցանակ իր «Բյուրեղապակե մարդը» սիրված հեքիաթի համար: Ուշագրավ է, որ «Ձուկը ցամաքում» պարադոքսալ տրագիֆարսը հեղինակն ինքը բեմականացրեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում թատերականցված ընթերցանություն ձևաչափով, որը բավականին հետաքրքրությամբ ունկնդրեց հանդիսատեսը՝ քննարկելով նաև արժեհամակարգի մասին այս ստեղծագործությունը: Ըստ գրականագետների, թե՛ կառուցվածքի, թե՛ սյուժեի, թե՛ գաղափարական առումով այս պիեսն ինքնատիպ է, համամարդկային, բայց նաև խիստ ազգային, թատերային ու նոր շունչ ունի արդի հայ դրամատուրգիայի համատեքստում: Ուրախալի է, որ միջազգային ասպարեզում ևս բարձր են գնահատվում հայ հեղինակի թե՛ հեքիաթները, թե՛ դրամատուրգիան:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *