Մայիսի 26-ի աղետն իր ճանապարհին վնասեց և ոչնչացրեց ոչ միայն տներ, ցանքաարածություններ և անասուններ: Ամբողջությամբ ջրի տակ մնացին ավտոմեքենաներ, ավտոտնակներում և նկուղներում ջուրը ոչնչացրեց մարդկանց տեխնիկան, կենցաղային պարագաներն ու պարենի հսկայական պաշարներ: Աիդա Այվազյանը հիշում է. «Գետն ահագին վարարել էր: Անգամ ավտոներ քշեց: Էս մի կողմից ենք նայում, տեսնում ենք մինչև գարաժների գլուխները ջուրը լցվել ա, հայաթի ավտոները՝ ջրի տակին: Պադեզդները լրիվ ջուր էր, ոչ մի կերպ հնարավոր չէր փախչել: Բոլորս էլ փոքր էրեխեք ունենք, վայվլիկն ընկանք գիշերվա կեսին, վախում էինք: Մաշտի նման բան դրեցին, երկրորդ հարկի պատուհաններից երեխեքին հանեցին»: Մի քանի օր հետո, երբ ջուրը քաշվել էր, կուտակված առելի տիղմը հեռացնելու և շքամուտքերի դռներն ու ավտոտնակների դարպասները բացելու համար տրակտորներ բերվեցին: Իրավասու մարմիններից եկան, վնասը գնահատեցին: «Մի ամբողջ տարվա ուտելիք ունեինք: Էսօրվա դրությամբ դա չեն հատուցում: Ցորեն ունեինք մի տոն, էլեկտրական սարքեր ունեինք, 2 հարկանի սարայ ունեմ, տան էղածս՝ լրիվ մեջին: Ասում ա՝ մի տան մեջ եք ապրում, չեն հատուցում: Շատ բաներ ենք կորցրել, անուն-անուն չեմ հիշում: Էն ավտոներին են միլիոն ու կես հատկացրել, որ հեչ բան են: Ես չեմ ասում՝ խի են նրանց տվել, բայց տղայիս մերսեդեսին 193 հազար գույքագրում ա եղել, ճի՞շտ ա դա: Չենք էլ ստացել,-ասում է տիկին Աիդան ու հավելում,-մեծ ընտամիք ենք, 2 աշխատող ունենք, 5-ը չաշխատող են: Էդքանին կարա՞նք հասցնենք»: Արսեն Կոստանդյանը նույնպես ավտոմեքենա է կորցրել: Հեղեղի օրը 2002 թվականի արտադրության «Volkswagen golf 4»-ը կայանել էր բակում: Հիշում է. «Հնարավոր չէր ավտոները հանել, էլեկտրական հոսանքը կար, տրանսվորմատորն աշխատում էր, կարող ա մտնեիր, տոկը տար: Հորս մեքենան ա, իրա անունով ա: Լավ վիճակում ա էղել: 10 օր ջրի ու ցեխի մեջ ա մնացել: 5 ամիս հետո են գումարը տվել, արդեն չես կարա շահագործես: 10 հատ մեքենա գիտեմ մեր հայաթից, որ սենց խնդիր ունեն: 870 քանի հազար փող են տվել, որ ժամանակին ըլներ, կարող ա հասցնեինք սարքենք: Սա պտի սպիսատ արվի, օտարվի երևի»: Աղետից տուժած ալավերդցին թեև հուսահատ է, բայց խնդիրների հետ շարունակում են կռիվ տալ և մաղթանքներ հղել. «Թող էլ սենց աղետներ չըլնեն, ըլնելուց էլ՝ մարդկային կորուստ չըլնի: Էդքանը կասեմ»:
0 Մեկնաբանություն