Լևոն Ալիխանյանը Շնողի բնակիչ է: Պատմում է, որ Թեղուտի գործարանի պոչանքները լցվել են իր հողամաս: Թեղուտի գործարանի աշխատողները եկել, մաքրել են, բայց նորից ամբողջ պոչանքը լցվել է հողամաս: 5 տարի առաջ էլ է լցվել, ստիպված ցանկապատել է, 5 մլն դրամ գումար ծախսելով: Այդ հողատարածքում դեռ մի 5 մլն դրամ էլ պիտի ծախսվի, որ պոչանքը չգա լցվի: Բացի այդ սևահող պիտի բերվի լցվի, որովհետև այդ տարածքի վրա հնարավոր չէ ծառ տնկել, ցանք անել: Լևոն Ալիխանյանի կարծիքով՝ սրանք մեղավոր չեն, որովհետև ռուսական մաֆիայի մնացորդներ են, մեղավորը՝ Հայաստանի հին ու նոր իշխանություններն են:
Բնապահպանական խնդրի մասին նամակագրությունը
-Եթե ցանկանան՝ հանքարդյունաբերությունը կարող են այնպես կազմակերպել, որ վնասի քանակը լինի նվազագույնը: Ցանկությունը գումար ծախսելն է: 2019 թ. եկան նոր տերերը, փորձեցին օրենքով աշխատել: Բավականաչափ գումար ծախսեցին, ջրագծեր քաշեցին, երկար ժամանակ վնաս չէին տալիս: Հետո նորից բարձիթողի վիճակ սկսվեց, պոչանքները սկսեցին գալ նաև հանքի տարածքից, մի քանի այգիներ արդեն չորացել են: Դիմել եմ, ասել եմ վնաս եք տվել, այս մարդկանց այգիները չորացել են, ասել են՝ նամակ գրեք, որպեսզի փոխհատուցենք, նամակին էլ պատասխանել են, որ դա բնական աղետի հետևանք է, եկել՝ գնացել է, իրենք մեղավոր չեն: Անցած ամիս երկու անգամ պոչանքը լցվել է իմ տարածք, ես պիտի գնամ ճանապարհ փակե՞մ, որ իրենք լայեղ անեն, բարեհաճեն իմանան, թե ինչ խնդիր ունեմ ես: Այսինքն տեղեկացնելու, անձամբ տեսնելու տարբերակ չկա, անպայման պետք է նամակ գրես:
Թեղուտի գործարանում թքած ունեն տեղացիների վրա
Արդեն երկու տարի է դրաք ուզում են այստեղից փախչել, այդ իսկ պատճառով էլ ներդրոմներ չեն անում նաև գործարանի ներսում, չեն արդիականացնում տեխնիկան: Իսկ ամենակարևորն այն է, որ երկրի գլուխը խառն է և սրանք թքած ունեն թեղուտցիների վրա: Չկա որևէ գործիքակազմ, որ սրանք կարգի հրավիրվեն, պատասխանատվության կանչվեն:
Անցյալից եկած խնդիրներ
Թեղութ ՓԲԸ-ն 427 ընտանիքից հողեր է վեցրել, որից 105-ը՝ գերակա շահի ուժով, այսինքն՝ զոռով: Ես նույնպես գերակա շահի զոհերից եմ, անցել եմ եվրադատարանով: 2019 թ. պետությունը մեզ պետական բյուջեից գումարներ է վճարել, թե ինչի՞ պետությունը և ոչ իրենք, չգիտեմ, չհասկացա, թե այս պետության առաջին դեմքերն ինչ են մտածում, դա Թեղուտի գործարանը շահագործողների մեղքն էր և իրենք պիտի վճարեին: Դա բարոյական վնասի փոխհատուցում էր, իսկ գույքի փոխհատուցման հայցերով մինչ այսօր դատերի մեջ ենք, և այդ դատերի վերջը չի երևում ու չի էլ երևա: Մեկ տարի առաջ, եվրադատարանի վճռից հետո ևս 60 ընտանիք դատարան է դիմել կորցրած գույքի արժեքը ստտանալու համար: Նրանցից 27-ը ևս գնացին եվրադատարան, մի մասն էլ գնաց Սահմանադրական դատարան: Ուրեմն, 5-6 տարի հետո Հայաստանի բյուջեից միլիարդավոր դրամներ են վճարելու եվրադատարան գնացած բնակիչներին, և ոչ միայն բարոյական վնասն են փոխհատուցելու, այլ նաև գույքային վնասը:
Թեղուտի հասցրած առողջապահական վնասները
Սրանից տարիներ առաջ մենք դիմեցինք ՀՀ կառավարությանը, որպեսզի համապատասխան մասնագետներ ուղարկեն և տեղում ստուգեն աղմուկը, ջրի որակը… Եկան ընդմիջման ժամին, երբ ոչ աղմուկ կար և ոչ էլ ուրիշ այլ խնդիր, իդեալական վիճակ գրանցեցին ու գնացին: Հետո երբ եկավ Չեխիայի դեսպանը, ես նրան տեղյակ պահեցի, որ մեղրի փառատոնը կազմակերպելը խոչընդոտում էին Թեղուտի գործարանի ղեկավարները , բայց հենց իմացան, որ ԱՄՆ դեսպանն է գալիս՝ թողեցին ու փախան: Չեխիայի դեսպանն աջակցեց ու նոր մասնագետներ եկան, նոր փորձանմուշներ վերցրեցին հողից, ջրից, տներից, մարդկանց օրգանիզմներից: Պարզվեց՝ Թեղուտում երկու երեխայի օրգանիզմում ծանր մետաղների քանակը թուլյատրելիից գերազանցել է 7-8 անգամ: Թեղուտում երեխա կա քաղցկեղով հիվանդ, որ ամբողջ գյուղը գումար է հավաքում, որպեսզի հոգան բուժման ծախսերը: Այստեղ այլևս մտածելու, կասկածելու ոչինչ չկա, բայց երբ իրենց հարցնես, կասեն՝ իսկ կարող է՞ մենք չենք պատճառը: Շատ հեշտ է մանիպուլացնելը, մի բան ասելն ու փոխչելը: Ես քիչ եմ մեղադրում սրանց, սրանք ռուսական մաֆիայի մնացորդներ են, ես մեղադրում եմ մեր իշխանություններին, և՛հներին, և՛ նորերին: Եվ ես համոզված եմ՝ որտեղ կա հանք, ամեն տեղ նույն վիճակն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն