Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը հանդես եկավ իր հերթական նախաձեռնությամբ. բավականին հետաքրքիր դրվագներով, հումորով մասնագիտական ու գեղարվեստական համարներով կազմակերպեց անվանի դերասանուհի, պրոֆեսոր ԳՐԵՏԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԻ «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գրքի շնորհանդեսը Ստ. Զորյանի տուն-թանգարանում:
Շնորհանդեսին ներկա էին հյուրեր ոչ միայն Վանաձորից, այլ նաև Երևանից ու Գյումրուց: Հումորով և սատիրիկ խոսքով շնորհանդեսի բացումը կատարեցին ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից թատերական ստուդիայի սաները (ղեկավար՝ Էլֆիք Զոհրաբյան):
Մասնագիտական խոսքով հանդես եկավ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը՝ նշելով, որ գնահատման կուլտուրան պետք է մտնի յուրաքանչյուրի երակների մեջ, ապա կիսվեց բեմական խոսքի մասին Գ. Մեջլումյանի գրքի բացառիկության, հեղինակային վարժանքների, գեղարվեստական խոսքի մասին՝ արժևորելով գիրքը, որի գրախոսներն էին բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը և արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանը:
Ողջույնի խոսք ասացին «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Գալյա Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, որը գիրքն արժևորեց լեզվաբանության համատեքստում՝ բավականին բարձր գնահատելով այն:
Երգով հանդես եկան Արման Կոլոսովը և թատերական բուհի առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Ռոդիոնովան: Գյումրուց ժամանած, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Սիրանույշ Ղուկասյանը գնահատանքի խոսք ասաց դերասանուհու տաղանդի, ինչպես նաև գրքի խիստ կարևորության ու անհրաժեշտության մասին: Երևանից եկած ԵԹԿՊԻ ուսանողները (Դավիթ Հակոբյանի արվեստանոց) բեմական խոսքի տեխնիկական վարժանքներով և վարպետությամբ հիացրեցին ներկաներին: Մասնագիտական խոսք ասաց նաև Երևանից ժամանած, Վանաձորի թատերական բուհի դասախոս Տաթև Սահակյանը, իսկ Վանաձորի մասնաճյուղի 3-րդ կուրսի «Դերասանական արվեստ» բաժնի ուսանողները հումորի տարրերով տեխնիկական վարժանք ներկայացրին Գրետա Մեջլումյանի գրքից:
Ուշագրավ էր, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանների պատրաստած անակնկալը՝ Ստ. Զորյանի «Ձմռան գիշերը» պատմվածքի բեմականացումը՝ ըստ Գրետա Մեջլումյանի: Խոսք խնդրեց Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Նարեկ Հայկազյանը՝ խոսելով Գ. Մեջլումյանի մարդկային բարձր որակների ու ազգայինը կարևորող գործունեության մասին: Գնահատանքի ջերմ խոսք ասաց նաև բանաստեղծուհի Լենա Անթառանյանը:
ՀՀ վաստակավոր արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Գրետա Մեջլումյանն իր վերջնախոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչ Էլֆիք Զոհրաբյանին, նշեց, որ հենց նրա առաջարկով ու պնդմամբ է գրել դերասանների ու ռեժիսորների համար կարևոր այդ գիրքը, ինչը երաշխավորվել է տպագրման Երևանի մանկավարժական բուհի գիտխորհրդի որոշմամբ:
Սիրված դերասանուհին շնորհակալություն հայտնեց գրքի գրախոսներին, ներկաներին, ինչպես նաև զորյանցիներին ջերմ ընդունելության համար: Շնորհանդեսին ներկա մտավորականներն ու արվեստագետները տպավորված էին միջոցառման ինքնատիպությամբ ու ջերմ մթնոլորտով:
0 Մեկնաբանություն