Մունետիկ

Գյուղատնտեսական դրոններ և տեխնիկական աջակցություն՝ Լոռու մարզին

Ավստրիական զարգացման գործակալությունը «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի միջոցով Լոռու մարզին կտրամադրի գյուղատնտեսական դրոններ, լրացուցիչ սարքավորումներ և դրանց շահագործման վերաբերյալ անհրաժեշտ ուսուցում կկազմակերպի համապատասխան մասնագետների համար:

Այս գործընթացը լիարժեքորեն կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև՝ ի դեմս Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և ԵՄ կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Պասխալիս Բոկկերսի, կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը հիմնականում վերաբերում է ուսումնական ծրագրերին և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով կարողությունների զարգացման ապահովման հարցերին, երկկողմ պարտավորություններին: Այն հնարավորություն կտա միավորել Լոռու մարզի գյուղական համայնքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համատեղ ջանքերն ու ռեսուրսները և արդյունավետ համագործակցել «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

«Գյուղատնտեսության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Մենք ողջունում ենք ոլորտին առնչվող յուրաքանչյուր նորարարական գաղափար և պատրաստ ենք աջակցելու գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների ներդրման, փորձի փոխանակման յուրաքանչյուր նախաձեռնության»,- ասել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Համագործակցության պատրաստակամությունն իր խոսքում ողջունեց նաև Պասխալիս Բոկկերսը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *