Օֆիկ Հարությունյանի այգիները հեղեղումից շատ չեն տուժել, սակայն ամենամեծ խնդիրը տրանսպորտային կամրջի բացակայությունն է: Մայիսի 23-ի հեղեղն այն ավերել է: Բերքը դժվարությամբ դույլերով անցկացնում է հետիոտնային ճոճվող կամրջով, հանձնում սպասող մեքենային, սակայն բերքի մեծ մասն այդպես էլ չի հաջողվում տեղափոխել: Նրա բախտակիցները շատ են, տոննաներով բերքը կամ չեն քաղում և այն ցրտահարվում է ծառերի վրա, կամ քաղում են, սակայն տեղափոխելու անհնարինության պատճառով փչանում է արկղերում:
«Էս պահին իմ տանը ոչ մի տղամարդ չկա, որ ինձ օգնի իրացնելու: Այ էս ընտիր կարալյոկը մնացել ա ծառերի վրա ու ցուրտն արդեն վախացրել ա, ոչ մի մեքենա չի եկել: Արդեն 7-րդ ամիսն ա՝ մոստ չունենք: Մենք ինչքա՞ն կարանք ճոճվող կամրջով դուրս գանք ստեղից: Սանոսյանն ասում ա, թե Քարկոփն ապահովված ա ճամփով: Ո՞նց ա ապահովված: Ես էսքան տեղի համար պետք ա գնամ 2 Այրումներով, հասնեմ Ախթալա, նորից գամ ստեղ հասնեմ: Ըտենց չի կարելի: Վնասն անաստված ա»,-դժգոհում է տիկին Օֆիկը:
Ասում է, որ այն հողերը, որոնք գյուղատնտեսական են համարվել, վնասը փոխհատուցվել է, որոնք՝ ոչ, այգետերերը մնացել են ձեռնունայն: Ինքը նրանցից մեկն է: Հեղեղի հետևանքով զրկվել է հողը ոռոգելու հնարավորությունից: Ջրատարի սյուներն ու խողովակները գետը տարել է, սակայն ասել են՝ հանրային տարածք է, ուստի չի փոխհատուցվելու:
«Էս կարալյոկն ա մնացել, որ գոնե աշնանը պետք ա մի քիչ օգուտ անեի, էն էլ սենց եղավ: Նույնիսկ գյուղացիք ուզում են գան, ճամփեն փակեն, բայց խնդրել եմ, ասել եմ՝ դա մեր պետության վնասը պետք ա ըլնի, ընչի փակենք ճամփեն, բայց սենց ապրել կլնի՞: Մարդ կա՝ 2 տոննա կարալյոկը քաղել ա, գարաժում դրած ա: Մեքենա չկա, ճամփա չկա»,-ասում է տիկին Օֆիկը:
Քարկոփցի այգեգործի սիրտը լցված է, սակայն հույսը չի կորցնում, թեև ասում է՝ տրանսպորտային կամուրջն ամեն ամիս խոստանում են շուտով կառուցել, բայց այդպես էլ չեն կառուցում:
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն