Մունետիկ

Հասանք մի տեղ, մին էլ տենանք 5 ավտոբուս, երկուսը՝ մեռած, երեքի բերնումն էլ շունչ չկա

 ԵՄ ԿԿԿ դաշինք ծրագիրը Վանաձորում մեկնարկել է 2017 թ. : Ծրագրի «էլեկտրական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար» բաղադրիչը անհասկանալի ուշանում է: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանն անձամբ է հետաքրքրվել և գնացել դեպի ավտոբուսներ տանող ճանապարհով, տեսել, արձանագրել և հետևյալ գրառումն է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով չշահագործված, բայց  վնասված ավտոբուսների լուսանկարները:.

«Վանաձորի ԵՄ ԿԿԿ դաշինքով ձեռք բերված ավտոբուսներն են։ Եթե նախորդ գրառումներից մարդիկ կարծել են, թե ավտոբուսները չկան, ոչ, դա այդպես չէ։ Ավտոբուսները կան, ավելին, կայանված են նախկին հաստոցաշինական գործարանի  (Ստանկո) տարածքում։ Ըստ համայնքապետարանի՝ ավտոբուսները չեն շահագործվում, քանի որ խնդիր կա էլեկտրական լիցքավորման կայանի տեղադրման հետ։ Կայանը դեռ տեղադրված չէ, ՀԷՑ-ի հետ այդ ուղղությամբ են աշխատում։

Հինգ ավտոբուսներն էլ առկա են, բայց անհասկանալի է, թե առջևի դռնից անմիջապես ձախ կողմում ինչու են ծակել ու ինչ-որ լարեր հանել: Այնուամենայնիվ, որպեսզի թյուրըմբռնում չլինի, թե իբր համայնքապետարանին մեղադրում ենք ավտոբուսները քոռուփուչ անելու մեջ, տեղադրում եմ լուսանկարներ, որտեղ երևում են և՛ ավտոբուսները, և՛ ծակած հատվածները, և՛ դուրս հանած լարերը, և՛ ավտոբուսի անվանումը` «ԱՐԵՎ» (AREV)։

Ավտոբուսները վրացական են, թե ինչու «ԱՐԵՎ», չգիտեմ: Վրացերեն Արևն ինչ է նշանակում, դա էլ չգիտեմ։

Անձրևը գիտեմ ինչ է նշանակում, իսկ արևից գաղափար չունեմ»։

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *