«Հոգեբանական առումով սա բաց վերք է, որ երբեք չի մարի, անընդհատ արնահոսելու է», - ասաց Սարգսյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր «Եռաբլուր» պանթեոն էր այցելել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Հոկտեմբերի 27»-ին զոհված Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը։ Նա այն կարծիքին չէ, թե իշխանությունները հապաղում են «27»-ի բացահայտման հարցում և, ավելի լավ է ժամանակին քայլ անել։ Ըստ նրա՝ գործը վերաբացելու դեպքում նոր տեղեկություններ կլինեն։
Խոսելով Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի մասին՝ Սարգսյանը կրկնեց, որ Հունանյանը երբևէ ազատության մեջ չի լինի, և կարծում է, որ որևէ իշխանություն թույլ չի տա Հունանյանի ազատ արձակումը։
Հարցին, թե արդյո՞ք իրեն հայտնի է Ազգային անվտանգության այն աշխատակցի անունը, որի մոտ Հունանյան ասել է, թե մտնելու է ԱԺ, ինչ-որ գործողություններ է անելու, Սարգսյանը պատասխանեց, որ այն ժամանակ Հունանյանը շատ տեղերում է դա ասել։
«Եթե հիշողությունս չի դավաճանում և՛ 98 թվականին, և՛ 99 թվականին, և՛ 97 թվականին եղել են կողքի խոսակցություններ, որ կարող է նման բան լինել տարբեր առումներով։ Այդ առումներով Վազգեն ինքն էր մեկ-երկու անգամ ասել. «Եթե պտի հայը հայի վրա ձեռք բարձրացնի, ուրեմն մենք արժանի ենք դրան»։ Բայց երբևիցե ո՛չ ինքն է հավատացել, ո՛չ էլ թույլ է տվել, որ ավելի խորանան, խորը նայեն։ Կարծում եմ հենց էդտեղ Վազգենի մեղավորությունը կար, որ ինքը թույլ չէր տալիս, որ իր անձն ավելի պաշտպանված լիներ», - ընդգծեց Արմեն Սարգսյանը։
Կազմակերպիչների մասով նա անուններ չնշեց, սակայն համոզված է դրա աշխարհաքաղաքական ուժերի կազմակերպման մեջ։
0 Մեկնաբանություն