Մունետիկ

Հունիսը ևս տեղումնառատ կլինի. Գագիկ Սուրենյան

Նախորդ՝ մայիս ամիսը տեղումնառատ էր: Անձրեւների պակաս չի զգացվի նաեւ ընթացիկ հունիսին:

«Մայիսին հանրապետության կարելի է ասել 90-95 տոկոսում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման, իսկ առանձին հատվածներում՝ նույնիսկ կրկնակի: Բայց օդի ջերմաստիճանը մայիսին եղել է նորմայի սահմաններում, ջերմաստիճանի շեղումներ առանձնապես չենք ունեցել»,- ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ավելացնելով, որ սակավաձյուն ձմռան պատճառով առաջացած ջրի խնդիրը նախորդ ամիս որոշակիորեն մեղմվել է, եւ գյուղատնտեսության մեջ ոռոգման անհրաժետություն առանձնապես չի եղել:

Անդրադառնալով ամռանը սպասվող եղանակային պայմաններին՝ Գագիկ Սուրենյանը պատասխանեց, որ կանխատեսումներն առայժմ վերաբերում են միայն հունիսին: Ըստ այդմ, տեղումները կլինեն առատ՝ հունիսին բնորոշ նորմայից ավելի, օդի ջերմաստիճանը՝ նորմայի սահմաններում. «Սպասվում է, որ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Դա նշանակում է, որ մեկ ամսվա ընթացքում ջերմաստիճանի հետ կապված անոմալիաներ չենք ունենալու, այսինքն՝ կլինի ոչ շատ ցածր ջերմային ֆոն, ոչ էլ շատ բարձր: Ունենալու ենք այնպիսի հունիս, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին»:

Մասնավորապես՝ Արարատյան դաշտում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին հիմնականում կդիտվի +27 +29, երկրորդ տասնօրյակում՝ +29 +31, երրորդում՝ +30 +32 աստիճան:  

Առաջիկա օրերին Հայաստանը կշարունակի գտնվել ցիկլոնի ազդեցության գոտում, ինչը կպահպանվի մինչեւ ամսի 10-ը ներառյալ: Բայց այս ցիկլոնի առանձնահատկությունն այն է, որ հիմնականում ակտիվանալու է երեկոյան եւ գիշերային ժամերին:

«Ցերեկային ժամերին հիմնականում կգերակշռի տաք, արեւային եղանակ, երեկոյան ժամերին պրոցեսը կզարգանա, աստիճանաբար կամպի, ամպրոպներ կսկսվեն: Շրջանների զգալի մասում կանխատեսվում են կարճատեւ անձրեւներ, առանձին հատվածներում չի բացառվում նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին 2-3 աստիճանով բարձրանալու է: Երեւանում կհասնի մինչեւ +28 +30 աստիճանի, իսկ հունիսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում նույնքան կնվազի, այսինքն՝ նորից կդառնա +25 +27 աստիճան: Հետո կմնա անփոփոխ»,- ասել է Գագիկ Սուրենյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *