Գյուլագարակի «Տորմակ» հյուրատունը մեծ դժվարությամբ, Քովիդի և պատերազմի ժամանակաշրջանում ստեղծել են Մարինեն և իր ամուսինը: Տորմակը Գյուլագարակի Տորմակավանքի անունն է: Մտածել են՝ ձեղնահարկի նախկին խորդանոցի թեքությունը շտկել և ստեղծել ունիկալ և հարմարավետ հյուրատուն: Հյուրատան առանձնահատկությունը նաև կայանում է նրանում, որ հյուրերը հնարավորություն են ունենում մասնակից դառնալ Տորմակ ֆերմայի աշխատանքներին, կովերի կերակրմանը, կթմանը, պանրի պատրաստմանը:
Հյուրատան գրավչությունը
Մարինեն ցուցադրում է երկտեղանոց համարը և ներկայացնում ամենաթանկ հնությունը՝ 1800-ական թվականների պահարանը, որին երկրորդ կյանք են տվել և տեղադրել հյուրատանը: Պահարանը պատկանել է ամուսնու պապիկի մայրիկին՝ Արփենիկ տատիկին, որին ցանկացել են ամուսնացնել մեկ այլ տղայի հետ, սակայն հարսանիքի օրը Սարգիս պապիկը փախցնում է իր սիրած աղջկան և նրանք ապրում են միասին, իսկ պահարանը նրանց սիրո կենդանի վկան է, Արփենիկ տատի օժիտի մի մասը, այսօր արդեն անցյալի մասին պատմող փոքրիկ վկա: Սենյակի իրերը՝ մահճակալը, աթոռները, բոլորը հնություններ են, որոնց թափելու փոխարեն երկրորդ կյանք են տվել:
Զբոսաշրջության պոտենցիալը Լոռու մարզում
Մարինեն պատմում է, որ աշխատել է տարբեր ոլորտներում, սակայն երբ մտել է զբոսաշրջության ոլորտ՝ հասկացել է, որ դա է իրենը, ինքն իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում, որ եթե այլ ոլորտներում լճանում էր, ապա այստեղ շատ բան ունի սովորելու: Բավականին մեծ պլաններ ունեն զբոսաշրջությունը զարգացնելու և իրենց լուման ոլորտում ներդնելու գործում: Ասում է, որ բացի տեսարժան վայրերն այցելելուց ու գովազդելուց, մտածել են, որ հյուրերին պետք է ծանոթացնեն գյուղական առօրյային, սովորույթներին, նիստուկացին, որը նրանց շատ հետաքրքիր է:
-Քանի որ զբաղվում ենք անասնապահությամբ, շատ հաճախ մեր հյուրերին ուղղորդում ենք մեր ֆերմա, որպեսզի մասնակից լինեն, օրինակ, կովերի կերակրման, կթման, պանիր պատրաստելու գործընթացին, որը նորամուծություն է զբոսաշրջության և առհասարակ հյուրատնային բիզնեսի զարգացման գործում,-պատմում է Մարինեն :
Զարգացման պլանները
-Մենք այս պահին ունենք միայն նախաճաշի ծառայություն, սակայն պլնավորում ենք ունենալ նաև ճաշի և ընթրիքի ծառայություն, որը պայմանավորված է հյուրերի պահանջարկի հետ: Մենք այն իրականացնելու համար ներկյումս միջոցներ չունենք, բայց եթե հնարավոր լինի որևէ ներդրում ներգրավել, մենք շատ ուրախ կլինենք, կստեղծենք խոհանոց և կբավարարենք հյուրերի ցանկությունները: Ցանկանում ենք նաև մեր հյուրատան տարածքում կառուցել լողավազան, որը մեր շրջանում բավականին պահանջված է, սակայն առաջարկ կարծես չկա, և առաջարկողը մենք կլինենք:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն