Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա էր նաև ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը:
Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները:
էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջրամատակարարումը մեկ կետից՝ վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարան թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։
Նշվել է, որ գույքագրման աշխատանքներն 90 տոկոսով ավարտվել են։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի մշտադիտարկում և վերահսկողություն է կատարում։
Աղետի գոտում ՀՎԿԱԿ-ի մասնագետները շարունակում են նաև հողից և անկած կենդանիներից նմուշառումներ կատարել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, տեղում իրականացրել իրազեկում:
Շարունակվում են հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքները:
Հումանիտար օգնության բաշխումը ամենօրյա ռեժիմով շարունակվում է։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կառույցներին պատասխանատու և հետևողական աշխատանքի համար։
0 Մեկնաբանություն