Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան, Հայաստանի գրողների միության անդամ, Մովսես Խորենացի և Գրիգոր Նարեկացի մեդալակիր, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի (այժմ արդեն՝ Վանաձորի պետական համալսարան) երկարամյա ռեկտոր, սիրելի դասախոս Գուրգեն Խաչատրյանին:
Մարզի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց անվանի մտավորականին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով նրա մեծագույն ավանդը հայագիտության զարգացման, սերունդների կրթման և Վանաձորի պետական համալսարանի գործունեության զարգացման ու հանրահռչակման գործում:
- Դուք անուրանալի ավանդ ունեք հայոց լեզվի զարգացման և պապանման գործում: Մեծ է Ձեր դերակատարությունը Վանաձորի պետական համալսարանի կայացման գործում, Դուք բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր գիտամանկավարժական գործունեությունը: Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական կարողությունները դեռ երկար եք ծառայեցնելու հայագիտությանը, և Ձեր կրթած սերունդները միշտ բարձր են պահելու մեր մարզի և հանրապետության պատիվը՝ տարբեր ասպարեզներում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, ստեղծագործական բեղմնավոր ուղի և ամենայն բարիք,-ասաց Ա. Խաչատրյանը:
Գուրգեն Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին գնահատանքի ջերմ խոսքերի համար և հաջողություններ մաղթեց պետականաշինության բարդ ու պատասխանատու գործում՝ ի շահ մարզի զարգացման:
0 Մեկնաբանություն