Մունետիկ

Վանաձորի Տ.Մեծի 59՝ լուսնաձև շենքի բնակիչները դժգոհում են, համատիրությունը՝ լռում. խնդիրն անբարեկարգ տանիքն է

«Լոռի» հեռուստաընկերության թեժ գծին հերթական անգամ դիմել են Վանաձորի Տիգրան Մեծի 59 շենքից: Դեռ նախորդ տարվանից թեման նույնն է. վանաձորցիներին հայտնի լուսնաձև շենքի անբարեկարգ տանիքը, հատկապես ձմռանը, ջրատար խողովակի սառչելուն պես, կենցաղային դժվարություններ է առաջացնում. ջուրը թափվում է շքամուտք, աստիճանների վրա վերածվելով սառույցի և դառնալով վտանգավոր քայլելու համար: Բարձրահարկի առաստաղները ձնհալից խունացել են, քայքայվել, կորցրել արտաքին կոսմետիկ տեսքը: Տիգրան Մեծի 59 շենքի տանիքի բարեկարգման շուրջ  Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նշում է, որ փորձել են հարցին ժամանակավոր լուծում տալ՝ 2018-19 թթ-ին բարձրահարկի բնակիչների դիմումների հիման վրա արված մասնակի նորոգումներով: Մինչև այս  տարեվերջ խնդրին հիմնական լուծում կտան համայնքի, կառավարության և ՄԱԿ –ի զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվող եռակողմ սուբվեցիոն ծրագրի միջոցով, որն այժմ կառավարության քննարկման փուլում է: Ծրագրով նախատեսվում է լուծել քաղաքի կենտրոնական հատվածների շենքերի արտաքին և ներքին ջերմամեկուսացման հարցերը:  «Կենտրոն» համատիրության ղեկավար Տարոն Ֆարմանյանը չպատասխանեց օրեր շարունակ  «Լոռի» հեռուստաընկերության հեռախոսազանգերին՝ խուսափելով թեմայից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *