Մունետիկ

Վանաձորում կա ճգնաժամ, մենք չունենք ընտրված քաղաքապետ. Գայանե Քալանթարյան

2021 թ. Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններից հետո շարունակվող ճգնաժամի, ավագանու գործունեության մասին է հարցազրույցը ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանի հետ:

Մտածո՞ւմ էիք, որ արդեն երկու տարի կշարունակվի ճգնաժամը և դեռ հայտնի չէ՝ որքան:

-ՏԻՄ-ը անկախությունից ի վեր մեր կարևոր ձեռքբերումներից մեկն է, և տենդենց է եղել լիարժեք կայանալու և զարգանալու, սակայն վերջին տարիներին այն ճգնաժամ է ապրում ոչ միայն մեր համայնքում, այլև հանրապետության մի շարք համայնքներում: Դրա վառ օրինակն է Վանաձոր խոշորացված համայնքը, որտեղ ցավալիորեն կա ճգնաժամ, որտեղ մենք չունենք ընտրված քաղաքապետ, այլ ունենք վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատար: Անկախ նրանից, թե ով է պաշտոնակատարը, եթե համայնքի ղեկավարը ընտրված է՝ նա կրում է պատասխանատվություն ամբողջ համայնքի համար, իսկ եթե նշանակվում է պաշտոնակատար՝ նա պատասխանատու է միայն կառավարության առաջ:

ՏԿ նախարարը գովաբանում է պաշտոնակատարին, մարդու, ով ուղիղ եթերում հայհոյում է բնակիչներին և մինչև ե՞րբ պիտի Վանաձորը ղեկավարի չընտրված համայնքապետ:

-Այստեղ տուժում է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկը՝ ընտրության իրավունքը: Ես չեմ տիրապետում ինֆորմացիային, որովհետև նախանշված չեն ընտրություններ, որքան ես տեղյակ եմ՝ արգելանքը հանված չէ համայնքի ղեկավար ընտրելու և այն նշանակված է գալիք տարվա ապրիլի վերջին:

Եթե դուրս գանք փողոց՝ կտեսնենք, որ գործ արվում է, ասֆալտապատում է իրականացվում, սակայն եթե կառավարության սուբվենցիոն ծրագիրը և մեկ միաջազգային ծրագիրը հանենք՝ տակը բան չի մնում: Ի՞նչ է անում համայնքապետարանը:

-Մեր ցավոտ կողմը մնում է աղբահանությունը, դա ցավոտ, շատ կնճռոտ հարց է: Մենք սպասում ենք, որ ծրագրի օգնությամբ այն պետք է բարելավվի, որովհետև հսկայական միջոցներ են ներդրված և աշխատանքներ էին նախատեսվում, սակայն տարին ավարտվում է և ես չեմ տեսնում այն, ինչ պիտի արվեր և դեռևս քաղաքը գտնվում է շատ անմաքուր վիճակում: Իհարկե, պատասխանատուները հավաստիացնում են, որ այն շատ շուտով կկարգավորվի, կտեղադրվեն աղբամաններ, աղբատեղափոխման նորագույն տեխնիկա, բայց եթե նույնիսկ որոշ թաղամասերում դա արվում է՝ չի կարող համարվել գոհացուցիչ:

Մանրամասները՝ տեսանյութում:     

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *