Է՛լ կացին, է՛լ մուրճ, է՛լ դուել, Է՛լ դագանակ, չհաշված հայհոյախառն խոսքն ու տարբեր հարթակներից մեկ-մեկու պատասխանելը։ Գորիսից պատասխան Վարդենիսում հնչածին, Արմավիրում արձագանք՝ Գյումրիում ասվածին։
Շարքը կարելի է շարունակել․ առայժմ շատ քիչ է եղել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին համարները բանավիճեն դեմ դիմաց։ Արդեն հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվել են Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը։ 9 ուժ էլ հայտարարել են, որ նախընտրական ցուցակներում առաջին համարների հանրային բանավեճը բոյկոտում են՝ մասնակիցների ընտրության անարդար սկզբունքի պատճառով։«Գելափ ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն արդեն հավասարվել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշին և նույնիսկ անցել։ Հարց է ծագում՝ իսկ ինչպես կարձագանքեին մասնակից ուժերը, եթե նրանց բանավեճի հրավիրեր Ռոբերտ Քոչարյանը։ Ի դեպ, Փաշինյանի բանավեճի հրավերին ի պատասխան՝ Քոչարյանն նշել էր` պատրաստ է ցանկացած տիպի զենքով դուելի գնալ նրա հետ։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 2002թ.-ին եթերազրկված և առ այսօր իր իրավունքների համար պայքարող «Ա1+»-ը, որպես լրատվամիջոց, որը համատարիմ է անաչառ լրագրության եւ բոլորին հավասար հարթակ տրամադրելու իր սկզբունքներին, որոշեց հանդես գալ բանավեճ կազմակերպելու առաջարկով։
Հանրային հրավեր ենք ուղարկում և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ մյուս առաջնորդներին: Պատրաստ ենք կազմակերպել բանավեճը հունիսի 17-ին, ցանկացած ժամին և ցանկացած վայրում։
0 Մեկնաբանություն