Քաղաքականություն

«ԱԱԾ պետի և ոստիկանապետի հրաժարականները դոմինոյի էֆեկտ են ունենալու»․ քաղաքագետ (տեսանյութ)

«Փաշինյանի իշխանությունը շատ ավելի լուրջ և արագ է սկսում երերալ և ցնցվել, քան կարելի էր կանխատեսել»,- այս մասին ասաց  քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նրա` ԱԱԾ նախկին պետի և արդեն նախկին ոստիկանապետի հրաժարականները դոմինոյի էֆեկտ են ունենալու քաղաքականության մեջ, և շատ ոլորտներում Փաշինյանին կարող են սկսել չվստահել։

«Հայաստանում ընթացող իրադարձությունները թուլացնում են երկրի իմունիտետը»։

Քաղաքագետը կարծում է, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն ամեն դեպքում մտածում է քաղաքական լուրջ պայքարի մեջ մտնելու մասին։ Եվ դրա մեղավորը հենց Փաշինյանն է, որը «իր ձեռքով բերեց բոլորովին անհայտ երիտասարդ մեկին ու տվեց անսահմանափակ իշխանություն»։

Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին․

«Ամուլսարի հարցով հղում են անում ինչ-որ միֆական ճնշումների, որոնք, իմ կարծիքով, չկան, որովհետև մի փոքրիկ օֆշորային ընկերության հարցում իրենք ենթարկում են ճնշումների, ապա ինչ կլինի, եթե լինեն ռազմական գործողություններ Ադրբեջանի հետ»։

Անդրադառնալով Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին՝ քաղաքագետը նշեց, որ անիմաստ է համարում այդպիսի մեծ մասշտաբներով հանդիպումները հայկական համայնքի հետ, քանի որ Կալիֆորնիայի հայությունը նույնը չէ, ինչ 20-30 տարի առաջ։

«Այսօր այնտեղ մեծամասնությունը հայաստանցիներ են, ովքեր շատ լավ պատկերացնում են, թե ինչ վիճակ է Հայաստանում, և իմ տպավորությամբ գոնե Լոս Անջելեսում ընդունելությունը շատ քաղցր չի լինի, որովհետև մեծամասնությունը զայրացած է Ամուլսարի մասով»։

Թե ինչ սպասելիքներ կտա վարչապետի այցը, դժվար է ասել, քանի որ քաղաքագետը վստահ է, որ ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեայի օրերին անհնար է ունենալ հանդիպումներ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Մի քանի շատ կարևոր հանդիպումներ կայանալու են Միացյալ Նահանգների ղեկավարության և այլ կարևոր երկրների միջև , բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանը կարևոր պետություն չէ միջազգային ասպարեզում»։

Հարցին, թե կարելի՞ է զուգահեռներ անցկացնել 1999 թվականին վարչապետ Վազգեն Սարգսյանի ԱՄՆ այցի և Փաշինյանի՝ կայանալիք այցի միջև, ինչպես համեմատում են մամուլում, Մարտիրոսյանը պատասխանեց․

«Նմանություն տեսնում եմ միայն նրանում, որ երկուսն էլ օվկիանոս են հատելու»։ Ըստ քաղաքագետի՝ Վազգեն Սարգսյանը լինելով  երկրի երկրորդ դեմքը, կարողացավ հանդիպել ԱՄՆ-ի երկրորդ դեմքի հետ, այնինչ Փաշինյանը, լինելով առաջին դեմքը, չի կարողանում հանդիպել ոչ միայն երկրորդ, այլև երրորդ և չորրորդ դեմքերի հետ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *