Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 9-ին, Աբովյանում տեղի ունեցան ավագանու ընտրություններ, որում հաղթել է անկուսակցական, գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջադրել էր Գրիգոր Գուլյանի թեկնածությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ Վահագն Գևորգյանը ստացել է 8453 ձայն, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե:
«Մենք հեղափոխությունը հենց դրա համար ենք արել, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն, - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ՔՊ պարտությունը պայմանավորված լինի վարչապետի վարկանիշի նվազման հետ, Փաշինյանն ընդգծեց, որ նույնիսկ հեղափոխությունից հետո՝ 2018 թ. հոկտեմբերին, Կապանում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանգիր»-ը պարտվեց, որից հետո դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» Սյունիքում ստացավ 70% ձայն։
«Եկեք այսօրվա իրողությունը հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ սկսած Ժեկի պետի թեկնածուից մինչև որևե այլ թեկնածու հանկարծ իշխանության թեկնածուին չհաղթի։ Բոլոր ընտրություններում, անկախ նրանից՝ «Իմ քայլը» կհաղթի, թե չէ, հաղթում է ժողովրդավարությունը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
0 Մեկնաբանություն