Քաղաքականություն

Ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի. ԼՀԿ նախագահ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնկալում է ընտրություններում ստանալ նաև դեռևս չկողմնորոշված 40 % ընտրողների ձայների մեծամասնությունը՝ երկրում բերելու համերաշխություն, թույլ չտալու բախումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  կուսակցության  նախագահ  Էդմոն Մարուքյանը Երևանում քարոզարշավի  շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանի վստահեցմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնական ուղերձը երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, միասնականություն ձևավորելն է: «Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև, եթե միասնականությունը չհաղթի, մեզ հաղթելու է թշնամին: Մեզ համար հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո երկրում պետք է միասնականությունը վերականգնվի»,-ասաց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև քաղաքական ուժերի կողմից միմյանց նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքին: ԼՀԿ նախագահը երկու բևեռների կողմից լարվածության սրման պարագայում քաղաքացիների բախման վտանգ է տեսնում: Մարուքյանն ըստ էության նկատի ուներ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերին: «Դա հնարավոր է կանխել, եթե «Լուսավոր Հայաստանը» որպես այլընտրանքային ուժ հավաքի այն 40 տոկոս չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունը և պարտադրի կողմերին համերաշխություն և հաշտություն»,-ասաց նա:

Ըստ նրա՝ եթե կողմերից մեկը հաջողություն ունենա, օրակարգը հետևյալն է լինելու՝ «ոչնչացնել» մյուս կողմին, մյուս կողմն էլ իր ռեսուրսն է դնելու, արդյունքում մարդկանց հանելու են իրար դեմ:

Անդրադառնալով հարցին, թե երկրի անվտանգային խնդիրների լուծումն ինչպե՞ս է պատկերացնում ԼՀԿ-ն՝ Մարուքյանն ասաց. «Եթե մենք երկրի ներսում չմիասնականանք, իրար բախվենք, թշնամին մեր երկրից տարածքներ կգրավի: Հետևաբար, այդ անվտանգությունը վերականգնելու առաջին քայլը ներքին համերաշխությունը վերականգնելն է»:

Եվ, ուրեմն, նա անվտանգությունն ամրագրելու առաջին քայլը համարեց միասնականությունը: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *