Քաղաքականություն

ԱՄՆ Պետքարտուղար Բլինքենն առանձազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ: Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Նա կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Էնթոնի Բլինքենը կատարել է թվիթերյան գրառում, ուր մասնավորապես ասված է.

«Զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Ես կոչ եմ արել շարունակել զսպվածություն ցուցաբերել և ուղիղ երկխոսություն ծավալել Ադրբեջանի հետ՝ այս խնդիրները լուծելու համար»

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի նախագահի հետ պետքարտուղարի ունեցած հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ուղիղ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերը»,- նշում է պետքարտուղարությունը:

Իր թվիթերյան գրառման մեջ հեռախոսազրույցի մասին, պետքարտուղար Բլինքենը մասնավորապես գրել է.

«Վստահեցրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել և նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»

Ամերիկայի Ձայն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *