Աժ խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ օգոստոսի 18-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Քննարկվել է Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Աժ խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «ՀՀ Աժ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խորհրդարանում լրագրողական գործունեությունը կանոնակարգելուն և ԱԺ աշխատանքների լուսաբանումը պատշաճ մակարդակով իրականացնելուն: Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Աժ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում: Աժ պատգամավորների աշխատասենյակներում լրագրողնեը կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ:
Նախագծով առաջարկվում էր ինտերնետային լրատվության միջոցների համար սահմանված օրական մինչև 2.000 այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5.000-ով, սակայն խորհրդարանի ղեկավարն առաջարկել է անփոփոխ թողնել այդ կետը, ինչին համաձայնել են խորհրդի անդամները: 13 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է: Աժ 8-րդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը սահմանելու մասին հարցի քննարկումը հետաձգվել է:
0 Մեկնաբանություն