Քաղաքականություն

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստի սկզբում ամփոփել է ՌԴ կատարած այցն ու խոսել ՀՀ-ՌԴ հարաբերությունների, ինչպես նաև Արցախյան խնդրի կարգամավորման մասին։

Փաշինյանը նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է ստորագրել որևեէ փաստաթուղթ, որով Արցախը հանձնում է Ադրբեջանին։

«Նոյեմբերի 9-ից հետո, իմ օտարերկրյա ամեն այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում է ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Պատասխանատու կերպով վստահեցնում եմ, որ այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի նախագիծ, կամ սևագիր, որը սեղանին կամ շրջանառության մեջ դրված լինի»,- ասել է Փաշինյանը և հավելել․

«Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախը առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, տասնյակ միլիարդավոր գումար չէինք ծախսի, որպեսզի տեղահանվածները վերադառնային իրենց տները, նման ծավալի ներդրումներ չէինք անի»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ «Արցախը պահել, նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստան պահել նշանակում հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»։

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում, վստահեցրել է Փաշինյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *