Քաղաքականություն

Արցախում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելն անշրջելի գործընթաց է. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հուսամ Արցախում առնվազն որոշ ողջամիտ շրջանակներ մնացել են և հասկանում են, որ ռուսաց լեզվին պետական կարգավիճակ շնորհելը անշրջելի գործընթաց է, որն ամենևին լեզվի մասին չէ:

Նախագիծը Արցախը, արցախյան վերջնական կարգավորման գործընթացը, Արցախի շուրջ զարգացումների բոլոր հեռանկարները ռուսական ուղեծրում հավերժացնելու, Արցախի կարգավիճակի հարցը բացառապես ռուսական բարեհաճությանը հանձնելու մեր հայրենիքի արցախյան հատվածի ապագայի դեմ ակտ է:

Օրենքի սույն նախագիծը շատ քիչ է առնչվում Արցախին: Սա ուղերձ է Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանին և մեր ընդհանուր ապագային: Սա ուղերձ է Արցախի կայուն և երկարատև խաղաղության հասնելու գլոբալ ջանքերին, ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահությանը:

Այս պայմաններում Մինսկի խումբը որոշ ժամանակ ևս կշարունակի գոյություն ունենալ, տեսակապի միջոցով հանդիպել ՀՀ և Ադրբեջանի պաշտոնյաների հետ, ապա հարցը սահուն կերպով կտեղափոխվի Մոսկվա՝ ռուս-թուրքական բարձր մակարդակի քննարկումների օրակարգ: Օրեր առաջ այդ երկրի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Մեդվեդևը հայտնել էր, որ Մոսկվան Արցախի հարցի հետ կապված դետալները Թուրքիային իրազեկելու, նրա հետ քննարկելու անխուսափելի անհրաժեշտություն է տեսնում:

Վտանգված է մեր հայրենիքի անկախությունը և սույն նախաձեռնությունն ահազանգ է արցախյան և հայաստանյան այն բոլոր քաղաքական ուժերին, ում համար Արցախի և Հայաստանի ինքնիշխան, միասնական, ժողովրդավարական, արժանապատիվ ապագան այլընտրանք չունի»:

 

Հիշեցնենք Արցախի Աժ մի խումբ պատգամավորներ ներկայացրել են օրենքի նախագիծ՝ «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ըստ որի, առաջարկվում է Արցախում ռուսերեն լեզվին տալ պետական լեզվի կարգավիճակ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *