Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Բորիս Մուրազի Թամոյանին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018թ. հոկտեմբերի 26-ին www.politik.am ինտերնետային կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հրապարակված հոդվածում և 2018թ. հոկտեմբերի 27-ին www.politik.am ինտերնետային կայքում «Ավինյանը վախենում է․ մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հրապարկված հոդվածում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև «Պոլիտիկ» անվանումն ունեցող լրատվության միջոցի ինտերնետային կայքում (www.politik.am)` «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձևավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը:
Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանի՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։
Վճիռը մեզ համար ակնհայտ միակողմանի է, և նպատակ ուներ բավարարելու իշխանությունների ցանկությունը։ Դիմելու ենք Վերաքննիչ դատարան, քանի որ մարզային դատավորը կաշկանդված պահվածք ուներ նիստերի ժամանակ, և տպավորություն էր, որ հայցվոր կողմի փաստաբանն է դատավորը։
Դատավորը նաև ապացուցման պարտավորությունը համաչափ չի բաշխել։ Հետաքրքիր է, որ Տիգրան Ավինյանը անբարոյականություն է համարել մարիխուանա օգտագործելը կամ դրա քարոզով զբաղվելը, ու սա այն դեպքում, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը բազմաթիվ անգամներ խոսել են մարիխուանայի օրինականացման անհրաժեշտության մասին, ու երբեք Ավինյանը հրապարակային դա չի քննադատել։ Ավելին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ըստ համացանցի բաց աղբյուրների, 2017-ին ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։ Հիմա, եթե Ավինյանի համար մարիխուանա օգտագործելն ու քարոզելը համարվում է անբարոյականություն, ապա ինչպե՞ս է նա նույն կուսակցության մեջ մնում նշված գործիչների հետ։
Մեկ այլ փաստ, որի մասին հայցվոր կողմը լռեց։ Հրապարակում անելուց առաջ մենք պատշաճ հարցում ենք ուղարկել Ավինյանի գրասնեյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին և Ավինյանի մամուլի խոսնակին։ Հարցմանը պատասխանելու փոխարեն այդ գրասենյակից տեղեկատվության արտահոսք է լինում, և երրորդ անձ փորձում է միջնորդել ինձ, որպեսզի ես տեղեկատվությունը չհրապարակեմ։ Հենց այս հանգամանքն էլ ստիպեց մեզ հրապարակել, քանի որ, եթե իրենք մտավախություններ չունեին, ապա ինչու՞ էին միջնորդ գտել, որպեսզի չհրապարակեմ տեղեկատվությունը։ Այս հարցը ես հրապարակային հնչեցրել եմ և հույս ունեմ՝ Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը կպատասխանի։
Հայցով և դատարանի որոշմամբ՝ իշխանությունները փորձում են ճնշել ազատ խոսքը։ Եթե ասում են՝ այս հրապարակումը էթիկապես ճիշտ չէ, ապա խնդրում եմ իրենց՝ թող հիշեն, թե ի՞նչ հոդվածներ էին հրապարակվում «Հայակական Ժամանակ» օրաթերթում, երբ խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր։ Ես իմ հրապարակումը էթիկապես սխալ չեմ համարում և վստահ եմ, որ նույն բանը կհրապարակվեր «Հայկական Ժամանակ»-ում կամ այն լրատվամիջոցներում, որոնք այսօր աջակցում են իշխանություններին։ Այդ լրատվամիջոցները և ինձ քննադատողները պետք է հիշեն, որ իրենք ժամանակին առանց փաստերի հրապարակել են հոդվածներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կազինո խաղալու մասին, երբ որևէ փաստ չեն ունեցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
0 Մեկնաբանություն