Քաղաքականություն

Ազգային ժողովն ընդունել է «գողական» բարքերի դեմ պայքարին ուղղված օրինագիծը

Աժ-ը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն, ինչպես նշվում է, ուղղված է «գողական» բարքերի դեմ պայքարին և այն արմատախիլ անելուն:
«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն ասել է, որ ներկայացված իրավակարգավորումները իրավական անորոշությամբ են պատված, և Կառավարությունը վերադառնալու է այս ամբիոն և խնդրելու է փոփոխել այն դրույթները, որոնք առաջարկվել էին։
Ընդդիմադիր խմբակցությունը առարկություններ էր արել, որոնք չէին ընդունվել։ Նախագիծն ընդունվել է 73 կողմ, 20 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու կամ բանդիտիզմի հոդվածներով նախատեսված հատկանիշները, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունը օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքները իրականացնելու նպատակով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *