Քաղաքականություն

ԲՀԿ- ն առաջարկում է 18 տարեկան զինվորներին չուղարկել մարտական հերթապահության (տեսանյութ)

Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկում է    «Զինապարտության և զինվորականների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել:  

 Հարցը զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, որ առաջարկվում է 18 տարեկան զինվորներին չուղարկել մարտական հերթապահության: Դրա փոխարեն խմբակցությունն առաջարկում է, որպեսզի  նվազագույնը մեկ տարի ծառայություն անցնելուց հետո նրանք մարտական հերթապահության մեկնեն:

«Մենք գտնում ենք, որ 18 տարեկանը չափազանց փոքր տարիք է, որպեսզի մարտական հերթապահություն իրականացվի: Այս հարցի լուծումը պիտի լինի ավելի պրոֆեսիոնալ ձևով»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը:

Օրենքի նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը հորդորեց հանձնաժողովի անդամներին բացասական եզակացություն տալ օրենքի նախագծին, քանի որ ըստ նրա՝ օրենքում կան բացթողումներ:

«Նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, ըստ որի, համապատասխան զինծառայողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել»:

Նիստին ներկա Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ներկայացրեց նախարարության տեսակետը:

«Մենք գտնում ենք, որ այս պահին ընդհանրապես անհրաժեշտություն չկա օրենքում փոփոխություն անելու համար: Ես կարող եմ ներկայացնել նաև վիճակագրական տվյալներ, որից պարզ երևում է, որ մեկ տարի ծառայություն ունեցած զինվորական անձնակազմի շրջանում շատ ավելի են այն դեպքերը, որոնք ցանկալի չեն բանակում»:

Ի վերջո, նախագիծը բացասական եզրակացության արժանացավ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *