Քաղաքականություն

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍԻՆ

ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում նոյեմբերի 23-ի երեկոյան պետք է տեղի ունենար Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջադրված թեկնածուներ Արամ Խաչատրյանի և Մամիկոն Ասլանյանի միջև հեռուստաբանավեճը, որը կողմերի հետ համաձայնեցվել էր օրեր առաջ: Բանավեճի օրը Մամիկոն Ասլանյանը հայտարարություն տարածեց չմասնակցելու վերաբերյալ, իսկ բանավեճից րոպեներ առաջ՝ հայտարարությամբ հանդես եկավ Արամ Խաչատրյանը:

Ստորև տեղադրում ենք երկու կողմերի հայտարարությունները, իսկ հեռուստաընկերությանն ուղղված Մամիկոն Ասլանյանի մեղադրանքների մասին պարզաբանում կտրվի նոյեմբերի 24-ի ուղիղ եթերում՝ հեռուստաբանավեճից առաջ:

Մամիկոն Ասլանյան- Սիրելի՛ համաքաղաքացիներ, լրագրողներ

Ուզում եմ տեղեկացնել, որ ես առանձին որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի հետ հեռուստաբանավեճի չեմ մասնակցելու։ Նախ, չեմ ընդունում կամայական ընտրովիությունը` թե ով ում հետ պիտի բանավիճի, երկրորդը` ընտրապայքարին մասնակցող բոլոր ուժերի ներկայացուցիչները վանաձորցիներ են, իսկ վանաձորցին ինձ համար ընտրազանգված չէ, այլ իմ համաքաղաքացին է, և ես չեմ պատրաստվում նրանց բաժանել ուժեղների կամ թույլերի։ Եթե մարդիկ իրենց մեջ ուժ, կամք ու պատրաստակամություն են գտել` հայտ ներկայացնելու համայնքի ղեկավարի՝ առայժմ թափուր պաշտոնի համար, ուրեմն ուժեղ են։

Եվ վերջում, որքանով տեղեկացված եմ ` Առաջին ալիքը ուղիղ եթերով կազմակերպելու է հեռուստաբանավեճ, որի ժամանակ էլ սիրով կհանդիպեմ բոլորի հետ։

Արամ Խաչատրյան- Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների հարգելի բնակիչներ

Այսօր ժ. 20:30-ին հրավիրված էի Լոռի հեռուստաընկերություն՝ հեռուստաբանավեճի: Բանավեճի մյուս կողմը պիտի լիներ Վանաձորի նախկին քաղաքապետ՝ Մամիկոն Ասլանյանը: Ամենայն հարգանքով բոլոր թեկնածուների, ինչպես նաև մեր տեղական հեռուստաընկերության նկատմամբ՝ պիտի ասեմ, որ կողմի ընտրությունը ես չեմ կատարել: Այսօր միայն, բանավեճից ժամեր առաջ տեղեկանում եմ վերջինիս հրաժարվելու մասին: Հեռուստաընկերության խմբագիրն ինձ դեռևս 10 օր առաջ տեղեկացրել է, որ ստացել է նախկին քաղաքապետի համաձայնությունը ինձ հետ բանավիճելու: Պատճառաբանությունները հեքիաթի ժանրից են: Մինչ Հ1-ի բանավեճը, նոյեմբերի 24-ին՝ բոլոր թեկնածուներով հրավիրված ենք Լոռի հեռուստաընկերություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ Ֆորտունա հեռուստաընկերություն: Սիրով կմասնակցեմ՝ կարևորելով տեղական հեռուստատեսության դերն ու նշանակությունը ինչպես ՏԻՄ գործունեության, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում: Հուսով եմ, որ մրցակից քաղաքական ուժերը ներկա կգտնվեն հեռուստաբանավեճին:

Հարգանքով՝ Արամ Խաչատրյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *