Դատապարտելի է ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում:
Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:
Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները:
Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հավելենք, որ Վազգեն Մանուկյանն այսօր մեկնել էր Գյումրի։ Քաղաքի մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ փորձել էին խոչընդոտել նրա մուտքը Գյումրի։ Լրագրողի հետ զրույցում Մանուկյանը նրանց անվանել էր «բոմժեր», որոնք, ըստ նրա, վճարվել են այդ քայլի համար։
0 Մեկնաբանություն