Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ մեկնել ՀՀ-ից։
Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից: Սրա հիման վրա Ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները այդ ընթացքում վերացնել և հետո կրկին կիրառել։ ՀՀ-ից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության և ԱԱԾ պետերը։
Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, խնդրելով դատարանին ներկայացնել թույլտվության հիմքերը։ Դատավոր Դանիբեկյանը խոստացավ մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։
Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ․Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։ Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։
0 Մեկնաբանություն