ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հունվարի 19-ին նախատեսված 1-ին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:
Մատակարարված հրթիռների քանակը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը և մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:
Բացի այդ, ՀՀ ԱԱԾ-ը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը:
0 Մեկնաբանություն