ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության աշխատանքի խնդիրներից մեկը համարում է կադրային քաղաքականությունը: Նա նաև մատնանշում է խոստումներ, որոնք, իր կարծիքով, իշխանության կողմից տրվել և դրժվել են:
Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանն իր ելույթում:
«Չենք կարող չխոսել խնդիրներից, որոնք պետք է կանխել, որ 2019-ին և հետագա տարիներին չկրկնվեն: Մատնանշել ենք երեք խնդիր: Առաջին խնդիրը կադրային խնդին է, որ մենք քննադատել ենք, քննադատում ենք, և եթե այսպես շարունակվի, քննադատելու ենք: Մենք գտնում ենք, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է: Երկրորդ խնդիրը խոստումներն են, որոնք դրժվել են: Դրանք պետք է կատարվեն, և մենք հետևելու ենք, որ կատարվեն: Երրորդ կետն այն է, որ մենք անընդհատ կոչ ենք արել, որ պետք է փորձ անել վեր կանգնել ամեն ինչից և ավելի ներառական մոտեցումներով հանդես գալ, լինել բոլորի վարչապետը, բոլորի կառավարությունը: Մենք ամենախիստ ձևով դատապարտել, քննադատել ենք «սև ու սպիտակների» հայտնի պատմությունը»,-ասաց Մարուքյանը:
Նրա կարծիքով՝ արդյունքները միանշանակ կարող էին շատ ավելի լավը լինել, եթե կառավարությունը լիներ ավելի համագործակցային, ավելի ներառական մոտեցումներ ցուցաբերող:
Նա նշեց, որ երբ ընդդիմության ներկայացուցիչը որևէ բան է ասում իշխանության որևէ ներկայացուցչի, իշխանության ներկայացուցիչներից շեշտում են, թե խոսքը ժողովրդի կառավարության ներկայացուցչի, պատգամավորի մասին է, ինչպես կարելի է նման բան ասել: «Տպավորություն է, թե ընդդիմությունում չգիտեմ որ ժողովրդի պատգամավորներն են: Պետք է այդ բաներից վեր կանգնել»,-ասաց Մարուքյանն ու հույս հայտնեց, որ հիմա ավելի հանդարտ ժամանակ է, կառավարությունն ունի քաղաքական մեծամասնություն, այն ռեֆորմները, որոնք մինչ դեկտեմբեր ամիս չեն արվել, պետք է արվեն:
Անդրադառնալով համաչափ տարածքային կառավարմանը, Մարուքյանի կարծիքով, նախկին իներցիան շարունակվում է: Մարուքյանը բեկումնային քայլի անհրաժեշտություն է տեսնում: Նա նշեց, որ պետք է մտածել, որ մարզերի մանկապարտեզները ևս անվճար լինեն: Մարուքյանի կարծիքով՝ Երևանը կտրվել է մարզերից: Նա նշեց, թե չի կարող որևէ ֆունդամենտալ բան ասել, թե ինչ է արվել վերջին տարվա ընթացքում այս մասով:
0 Մեկնաբանություն