Քաղաքականություն

Եկեք ընտրությունները հանենք՝ ով հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, կլինի իշխանություն. «Հրապարակ»

Ի տարբերություն Խոսրով Հարությունյանի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չխորշեց «տապալել» ձեւակերպումից. «Այս պահին արտահերթ ընտրությունների գնալու կա մի տարբերակ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի տապալումը։ Այլ տարբերակ չկա։ Ինչ կլինի 2 ամիս հետո, 6 ամիս հետո, պատրաստ չեմ պատասխանել»։ – Իսկ դուք պատրա՞ստ եք տապալել Փաշինյանի բերած ծրագիրը։ – Կտեսնենք ծրագիրը, կերեւա։ – Ձեզ համար նպատակահարմա՞ր է այս շրջանում գնալ արտահերթ ընտրությունների։ – Ընտրությունները նպատակահարմարության համար չեն արվում, ընտրություններն արվում են Սահմանադրության եւ օրենսդրության համապատասխան։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում, որտեղ պետք է լինի օրենքի գերակայություն բոլորի առջեւ։ – Բայց ՀՀԿ-ն դեռ կարող է իր քայլերով «ուղղորդել»՝ երբ եւ ինչպես գործեն Սահմանադրությունն ու օրենքները, օրինակ՝ տապալել ծրագիրն ու օրենքի պահանջով գնալ ընտրությունների կամ ոչ։ – Ես կոնկրետ պատասխան կտամ՝ ՀՀ Ազգային ժողովն ընտրվել է օրինական, լեգալ եւ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի արդյունքների ճշմարտացիությունը որեւէ մեկը չի վիճարկել միջազգային դիտորդական առաքելություններից։ Ինչ վերաբերում է իրողության փոփոխությանը, 6 ամիսը մեկ կարող է իրողություն փոխվել։ Եթե տենց ա, ուրեմն առաջարկենք, որ ընդհանրապես ընտրությունները հանենք՝ ով որ հրապարակում ավելի շատ մարդ կհավաքի, էդ օրը ինքը կլինի իշխանություն։ – Իրենց կողմից ակնարկներ հնչել են, որ կարող են նորից փողոցային մեթոդներով ճնշել, որ ՀՀԿ-ն իրենց ուզածով քվեարկի։ – Կոնկրետ ինձ ճնշելն անհնար է։ Իմ կամքն արտահայտելու համար ինձ ճնշելն անհնար է, ուզում ա «Շարմազանով-42» գրեն, ուզում ա հիմա գրեն 43 եւ այլն, եւ այլն։ Ես իմ գաղափարների մեջ հստակ եմ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *