Քաղաքականություն

ԵԽ նախագահ Շարլ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, Նախագահ Իլհամ Ալիևի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև երկրորդ եռակողմ հանդիպումից հետո 
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է  Ադրբեջանի  Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումները։
Նախագահ Միշելը վերահաստատել է ԵՄ-ն հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտ աշխատելու լարվածության հաղթահարման ուղղությամբ և խթանելու անվտանգ, կայուն, խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։  
Առաջնորդներն ամփոփել են իրենց՝ Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին և տեսակապի ձևաչափով 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո զարգացումները։ Նրանք վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը։ Նրանք քննարկել են նաև վերջին շրջանի լարվածությունը և  վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության շուրջ՝ ապահովելու առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ հետևողականությունը:
Նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա շեշտել է, որ անհրաժեշտ է լիարժեք և արագ լուծել բոլոր մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ մյուս գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը, և հավաստիացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել այդ, ինչպես նաև փոխադարձ վստահության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, ականազերծման ջանքերին, այդ  թվում՝ շարունակելով տրամադրել փորձագիտական խորհրդատվություն,ավելացնելով ֆինանսական աջակցությունը և աջակցել հակամարտության ազդակիր բնակչություններին, վերականգնմանը և վերակառուցմանը։
Նախագահ Միշելը նշել է, որ թե՛ Նախագահ Ալիևը, թե՛ Վարչապետ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի իրենց երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այդ նպատակով համաձայնություն է ձեռք բերվել՝ հանձնարարել արտգործնախարարներին սկսել երկու երկրների միջև ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, ինչը կանդրադառնա բոլոր անհրաժեշտ հարցերին։ 
Կարևոր կլինի երկրների միջև երկկողմ սահմանի սահմանագծումը և սահմանազատումը։ Այդ նպատակով, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը, պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով։
Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողովը օժտված կլինի հետևյալ հանձնագրով՝
1.      Սահմանագծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները․
2.      Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ սահմանի ողջ երկայնքով։
Նախագահ Միշելն ընգծել է նաև, որ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական տարր է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։ Նախագահ Միշելը վերահաստատել է խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու ԵՄ-ն պատրաստակամությունը։
Առաջնորդները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների և կապի ենթակառուցվածքների վերականգնումը։ Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը, միաժամանակ կոչ արել Երևանին ու Բաքվին առավել արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել փոխադարձ կապերի զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային պլանին համահունչ՝ օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը՝ բացահայտելու ընդհանուր նախագծեր:
Առաջնորդները պայմանավորվել են հետամուտ լինել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել ներգրավվածությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *