Քաղաքականություն

ԵԽԽՎ արձագանքը մայիսի 20-ի իրադարձություններին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու վերաբերյալ կոչին:

ԵԽԽՎ-ի Հայաստանի մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել:

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, և որ, հետևաբար, օրենքի գերակայությունը լավագույնս գործում է քաղաքական խաղացողների կողմից որևէ միջամտության բացակայության դեպքում»,- ասել են համազեկուցողները՝ նկատելով, որ վիճելի թվացող դատական վճիռները վիճարկելու համար կան հստակ իրավական գործընթացներ:

Համազեկուցողներն ընդգծել են, որ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ենթադրում է  նաև հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք գոյություն ունեն բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար՝ անկախ նրանից, թե ով են նրանք:

«Այնուամենայնիվ, մենք ընդունում ենք, որ տվյալ դատական վճռի վերաբերյալ հանրության արձագանքն ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության շրջանում վստահության դեռևս ցածր մակարդակը»,- նշել են համազեկուցողները:

Միևնույն ժամանակ նրանք շեշտել են, որ դատական համակարգի բարեփոխումները շարունակում են առաջնահերթություն լինել, ուստի իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը, ինչպես նաև այդ ամենը Եվրոպայի խորհրդի օգնությամբ իրականացնելու ցանկությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *