«Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Հայաստանում ստեղծված ներքին իրադրության կարգավորման համար միայն Սերժ Սարգսյանի հրաժարականը բավարար չէ, և անհրաժեշտ է առկա համակարգի ամբողջական փոփոխություն: Մարուքյանի խոսքով՝ ներկայումս, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն ևս չի հեռանում, որևէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի: Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ և մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» և «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կուսակցությունից կամ ՀՅԴ-ից պետք է լինի: Ես կարծում եմ՝ կարող ենք ստանալ այդ ձայները»,- նաև նշեց Էդմոն Մարուքյանը:
0 Մեկնաբանություն