Քաղաքականություն

Էներգետիկ համակարգի խափանման պատճառները պարզելու համար կիրականացվի հետաքննություն: ԱԱԾ պետ

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը հանձնարարել է, որպեսզի  նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված՝ էներգետիկ համակարգի խափանման պատճառները պարզելու համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Արթուր Վանեցյանը:

«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՞ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ»,- ասաց պարոն  Վանեցյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ  երեկ գործնականում ժամը 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը:

Վարչապետը շնորհակալություն  է հայտնել Իրանի ու Վրաստանի  գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցեցին՝ խնդիրը լուծելու հարցում:

«Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  կա երկու վարկած, որոնց թվում ներքին պատճառներ չկան: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ կառավարության նիստից առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ խափանման իրական պատճառները պարզելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *