Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ ընձեռնված հնարավորության համար՝ քննարկելու մեր երկրների համագործակցության օրակարգային հարցերը, ծրագրերը:
Նախ արձանագրեմ, որ Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր առաջնայնությունների շարքում է։ Առավել քան համոզված եմ, որ դրա համար գոյություն ունեն բոլոր նախադրյալները:
Կասկածից վեր է, որ դարերի խորքից եկող բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա, ամուր հենք և պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար:
Այնուամենայնիվ, պետք է փաստեմ, որ վերջին տարիներին համավարակը բարդագույն մարտահրավերներ է ստեղծել ողջ աշխարհի համար, և հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն այս առումով ևս բացառություն չեն: Համավարակից զատ, Հայաստանի տնտեսության համար հավելյալ բարդություններ են ստեղծվել նաև մեր տարածաշրջանում վերջին զարգացումները և նախորդ տեղի ունեցած պատերազմը։ Այնուամենայնիվ, մեր փոխգործակցությունը կանգ չի առել, և շարունակել ենք աշխատել՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրությամբ ամրագրված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը. ակնհայտ է, որ այս առումով երկկողմ համագործակցությունը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, և անհրաժեշտություն կա այն ընդլայնելու։ Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Այս առումով միջկառավարական հանձնաժողովի այս նիստը պետք է դառնա հնարավորությունները քննարկելու հարթակ՝ տնտեսական հարաբերությունների ամենատարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու համար։ Նիստի շրջանակներում հույս ունեմ կնախանշենք նաև մեր նպատակներին հասնելու կոնկրետ քայլեր։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Ամբողջը՝ այստեղ
0 Մեկնաբանություն