«Գիտեք, որ երեկ աշխատանքային այցով Երևան են ժամանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և նաև «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելազյորովը և հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և մեր գործընկերների հետ։ Պիտի ասեմ, որ շատ կարևոր առանձնահատկություն ունի այս այցը. ըստ էության, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, որովհետև երեկվա այցն ամբողջությամբ եղել է գործնական և նվիրված է եղել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին։
Գիտեք, որ մենք արդեն այդ թեմայով պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, և պայմանավորվածությունների անբաժանելի մաս է հանգամանքը, որ մենք պետք է այդ երկաթուղին կառուցենք և այն պետք է գործի՝ Հայաստանի տարածքում՝ Հայաստանի օրենսդրության շրջանակում, Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Երեկվա այցը, ըստ էության, գործնականացմանն էր ուղղված: Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը։
Իհարկե, իրադարձություններից առաջ ընկնել պետք չէ որևէ դեպքում, բայց այս դինամիկայով շարունակելու պարագայում կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունն իրագործելը դառնում է առարկայական։ Կրկին եմ ասում՝ քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, և առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ երկկողմ ինտենսիվ քննարկումների փուլ կմտնենք, որովհետև «Ռուսական երկաթուղիներ» կորպորացիան ոլորտում աշխարհի լրջագույն կառույցներից է, և այն ներուժը, փորձը և տեղեկությունը, որ նրանք տիրապետում են, իհարկե, շատ կարևոր է այս նախագծի իրականացման և հետագա շահագործման համար։ Նաև պետք է նշել, թե ինչ հոսքերի վերադասավորում տեղի կունենա, լինեն դա գլոբալ՝ Հյուսիս-հարավ, թե Արևելք-արևմուտք լոգիստիկ ուղղությունները և նաև տարածաշրջանում, համագործակցության արդյունքում մենք այդ ներուժի գնահատականի մեջ ունենալու ենք համապարփակ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա, ի վերջո, նաև գնահատել այս ծրագրի եկամտաբերությունը և ապագա ֆինանսական մոդելի ճիշտ կառուցումը։
0 Մեկնաբանություն