Քաղաքականություն

«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Պատերազմը հնարավոր է եղել ավելի շուտ կանգնեցնել»,- «5–րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը Գլխավոր շտաբի կողմից ստացավ զեկույցը, որ պատերազմը օր առաջ պետք է կանգնեցնել. «Երրորդ օրն ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկրետ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ, այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կաներ ինքը, եթե լիներ Փաշինյանի փոխարեն, Քոչարյանը պատասխանեց. «Առաջինը եթե ես լինեի, պատերազմը չէր սկսվի: Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Եվ Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա, ի դեպ, խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում»:

Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում կրկին նշեց իր այն պնդումը, թե «իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները կապ ունեն Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծումների գնալու հետ»:

«Կարծում եմ՝ այո, ինձ բանտում պահում էին՝ Արցախը հանձնելու համար: Ես այն ժամանակ դա ասում էի՝ ելնելով վերլուծություններից: Իմ համար հասկանալի չէին, թե ինչու են երեք լեգենդար գեներալ-գնդապետները հայտնվել մեղադրյալի աթոռին, բազմաթիվ այլ քրեական գործեր տարբեր գեներալների, գնդապետների նկատմամբ, փորձված զինվորականների մասը հեռացվեցին և այլն: Ես ենթադրում էի, որ սա բանակը քայքայելու գիտակցված գործընթաց է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *