Քաղաքականություն

«Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազում հնարավոր է տեղի չունենա, բայց բարձրացում հաստատ չի լինի»։ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան (տեսանյութ)

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազում հնարավոր է տեղի չունենա, բայց բարձրացում հաստատ չի լինի։ 

Մինչ այդ, նա պարզաբանեց, որ սակագնի նվազեցման հարցի շուրջ քննարկումներն ընթանում են ոչ թե կառավարությունում, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Մասնագետները սկսել են քննարկումները երեկ երեկոյան, արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, սակագների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ քննարկումներ կլինեն»,-շեշտեց նախարարը։

Արթուր Գրիգորյանը հիշեցրեց, որ սակագները կարող են վերանայվել 6 ամիսը մեկ, ուստի հնարավոր փոփոխությունները կարող են լինել միայն օգոստոսից հետո։

Նախարարը նաև ընդգծեց, որ գազի ներտնային սպասարկման վճարները չեն վերանա, դրա մասին տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ 

Անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը, նախարարը պատասխանեց․ «Բացարձակ սուտ է»:

Հարցին, թե բացառություն չի արվի՞ Գագիկ Ծառուկյանի համար (որի կուսակցությունն է ներկայացնում Արթուր Գրիգորյանը), նախարարը բացասական պատասխան տվեց։

«Գագիկ Ծառուկյանն ընդերքօգտագործման իրավունք ունի։ Բայց նա թաքցնելու բան չունի։ Մենք զրուցել ենք նրա հետ, ասել է, որ եթե ստուգումներ լինեն, ապա թող սկսեն իրենից։ Մենք բաց ենք աշխատելու։ Դուք ամեն ինչի մասին կիմանաք», — հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանքերում ստուգումներ իրականացնելու անհրաժեշտության մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *