Քաղաքականություն

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված դեռ մնում են չկարգավորված հարցեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում կայունության վերականգնման,ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Մոսկվայում կայացած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Ցավոք, այդ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ: Մեզ հաջողվեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *