Իմ կարծիքով՝ զուտ չվնասելու տրամաբանությամբ ենք շարժվում առաջ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն այսպես արձագանքեց ԱԱԾ հայտարարությանը՝ ուղղված լրատվամիջոցների՝ Սյունիքում նկարահանումներ անելու համար հատուկ թույլտվություն ստանալուն։
«Ըստ էության, ռազմական դրությամբ պայմանավորված, Սյունիքում որոշակի գործընթացներ են ընթանում, և ինչ-որ պահից սկսած այնտեղ ազատ ելումուտ կլինի»,-նշել է Գաբրիելյանը՝ վստահեցնելով՝ ԱԱԾ-ն որևէ բան չի ուզում թաքցնել․
«Այն, ինչ դուք եք լուսաբանում, ոչ միայն հայաստանյան լսարանի համար է, այլ նաև հարևան երկրների համար, գուցե այս ժամանակահատվածում որոշակի զգուշավորություն է պետք»։
Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ այդպիսի կարգ նախկինում էլ կար, հիմա երևի առավել համակարգելու համար է ԱԱԾ-ի հայտարարությունը։
Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ լրացուցիչ փաստաթուղթ կա Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածի հետ կապված, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պարզաբանում է․
«Դուք գիտեք, որ Գորիս-Կապան հատվածում, օրինակ, 21 կմ-ն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանացված սահմաններից դուրս, այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել, դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պիտի գործի և գործում է»։
Սիսակ Գաբրիելյանն իր հերթին հավելել է, թե սյունեցիներն անհանգստանում են ստեղծված իրավիճակով, քանի որ վերջին 25-30 տարիներիներին նման իրավիճակներ չեն եղել․
«Ինձ որևէ տեղեկություն չի հասել, որ սահմանափակվել է ազատ տեղաշարժը»,-նշել է Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի հայտարարությանը, թե ԱԱԾ-ն արգելել է բնակիչներից մեկի տանը նկարահանում իրականացնել, Գաբրիելյանն ասել է՝ կա այնտեղ մի հատված, որտեղ ճանապարհի մի հատվածը ադրբեջանական, մյուս մասը՝ հայկական վերահսկողության տակ է, այդ հատվածին մոտ կա մի տուն․ չի բացառում, որ նկարահանումները եղել են այդ տանը։
0 Մեկնաբանություն