Քաղաքականություն

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են 1000-ավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան էին ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում էին 100 հայ զինծառայողներ:

Հունվարի 13-ից սկսվել էր Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *