Քաղաքականություն

Հարությունյանը և Շոյգուն ձեռք են բերել ՀՀ սահմանին իրավիճակի հանգուցալուծման քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն

Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։

Կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *