ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
Հարգելի հայրենակիցներ,
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ օրակարգ էին մտցրել «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ՝ ներքո շարադրյալ բովանդակությամբ, որի ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից տապալվեց:
Տապալելով ԱԺ անունից հայտարարության ընդունումը, ապազգային այս իշխանությունը հերթական անգամ խոչընդոտեց մեր ազգային ու պետական շահերի առաջ մղման կարևոր քայլին:
Ուշադրություն՝ տապալվեց մի հայտարարություն, որի հիմնական նպատակն էր Ադրբեջանի շարունակական հանցագործությունները հստակ ամրագրելը, դրանց վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը, Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը քաղաքական գնահատական տալը:
Այս իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ ոչ միայն ինքը չի հակազդում թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական, ռազմական, հոգեբանական, տնտեսական ճնշմանը, այլև՝ կանխում ու արգելափակում է ընդդիմության ցանկացած նախաձեռնություն:
Առավել քան հստակ է, որ ազգային ու պետական շահերից բխող որևէ քայլ այս իշխանությունից ակնկալելն ուղղակի միամտություն է: Մեր պետականությունն ու հայրենիքը վերջնականապես չկորցնելու համար մնում է միայն մեկ բան՝ արագ համախմբվել և կտրուկ քայլերով պայքարել՝ օր առաջ այս իշխանությունից ազատվելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով հայտարարության ընդունման տապալումն ԱԺ-ում խորհրդարանական ըննդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են գալիս հետևյալ հայտարարությամբ.
Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության շարունակական ագրեսիան և ահաբեկչությունն Արցախի և նրա ժողովրդի, ինչպես նաև ակնհայտ ոտնձգությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, այդ թվում՝
Արցախի բնակչության գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը, ինչը ստեղծում է հումանիտար աղետ,2. Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,
Արցախի բնակավայրերի թիրախավորումը տարատեսակ զինատեսակներով,
Արցախի քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ահաբեկչությունը՝ շփման գծի երկայնքով բարձրախոսների կիրառմամբ և սեփական տներն ու հայրենիքը լքելու կոչերով,
Արցախի հայաթափման նպատակով իրականացվող անթաքույց գործողություններն ու կոչերը,
Բոլոր հնարավոր միջոցներով ՌԴ խաղաղապահ առաքելության հետևողական հեղինակազրկումը՝ նպատակ ունենալով վերացնել Արցախի և նրա ժողովրդի անվտանգության մինիմալ երաշխիքները,
Հումանիտար իրավունքի և ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ՝ գերիներին և պահվող անձանց չվերադարձնելը,
Միջազգային համապատասխան մանդատ ունեցող միակ լեգիտիմ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից փաստացի հրաժարումը, որով փորձ է արվում լեգիտիմացնել ուժի կիրառումը, սանձազերծած պատերազմը, ագրեսիան, Արցախի տարածքի որոշակի հատվածի օկուպացիան և հրաժարումը ճանաչելու Արցախի ինքնորոշման իրավունքը,
Ակնհայտ հակահայկական բնույթ կրող «Շուշիի հռչակագրի» ստորագրումն ու վավերացումը,
ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի՝ 2021թ. մայիսի 12-ից փաստացի ներթափանցումը, առ այսօր այդ տարածքում գտնվելը,
ՀՀ սահմանների երկայնքով հերթական էսկալացիան, որի արդյունքում ունենք զոհ և վիրավոր,
ՀՀ և Արցախի Հանրապետության նկատմամբ Թուրքիայի լիակատար օժանդակությամբ իրականացվող հարկադրանքի քաղաքականությունը՝
ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է՝
ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը սատարում է Արցախին և Արցախի ժողովրդին,
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար,
Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը չունի այլընտրանք և Ադրբեջանի կողմից հրահրված երեք պատերազմներն ու շարունակվող ահաբեկչությունը լավագույն ապացույցն են, որ ժամ առաջ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը, այդ թվում՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի ներքո,
Արցախի և արցախցիների անվտանգության երաշխավորման նպատակով՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային և առաքելության լիարժեք իրականացման գործառութային սահմանափակումներ,
Անկախ Ադրբեջանի քմահաճույքից պետք է վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում՝ հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա, օրակարգում ունենալով Արցախի հումանիտար վիճակի, անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ապահովման, դեօկուպացիայի և կարգավիճակի հարցերը,,
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից,
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ և Արցախի նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունը միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում է, ենթակա է համարժեք արձագանքի միջազգային հանրության կողմից և չի բերելու որևէ արդյունքի:
Ելնելով վերը շարադրվածից, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դաշնակից և բարեկամ երկրներին, խորհրդարանականներին, միջազգային կառույցներին և կազմակերպությունների, միջազգային հանրությանը կոչ է անում՝
Բարձրացնել իրենց ձայնը և կանխել Ադրբեջանի ու Թուրքիայի ցեղասպան գործունեության հերթական դրսևորումները, Ադրբեջանի և Թուրքիայի ամենաթողության վերածվող անպատժելիությունը:
Ձեռնարկել գործուն միջոցներ, նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության ապահովմանը՝ կանխելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ագրեսիան, ահաբեկչական գործելաոճը, հարկադրանքի և շանտաժի քաղաքականության իրականացումը:
0 Մեկնաբանություն