Այսօր Հայաստանի 9 համայնքներում ավագանու ընտրություններ են։ Ավելի քան 187 հազար ընտրող կազմավորելու են իրենց տեղական ինքնակառավարման մարմինները:
Համայնքներից 3-ում՝ Արագածոտնի մարզի Շամիրամ, Լոռու մարզի Ֆիոլետովո, Արմավիրի մարզի Ֆերիկ, մեծամասնական ընտրակարգով բնակիչները ընտրելու են հնգական ավագանու անդամ: Դրանցից երկուսում՝ Շամիրամում և Ֆիոլետովոյում, նաև համայնքի ղեկավար են ընտրելու։
Գյումրի, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան համայնքներում, որտեղ բնակչությունը գերազանցում է 4000-ը, ընտրությունները անցկացվում են պարզ համամասնական ընտրակարգով։ Քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որը նշանակելու է համայնքի ղեկավարին։
Գյումրին 2-րդ անգամ է ընտրում համամասնական ավագանի՝ կուսակցություններից և դաշինքներից կազմված:
Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև և Դիլիջան բազմաբնակավայր համայնքները առաջին անգամ են ընտրելու ոչ թե անհատների, այլ կուսակցությունների և դաշինքների՝ այս կամ այն քաղաքական ուժին վստահելով համայնքային կառավարումը:
Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն ու կուսակցությունների դաշինք, մրցակցությունն առավել թեժ է լինելու Գյումրիում, որտեղ գրանցված 10 քաղաքական ուժ կա։
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 318 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 15 զանգվածային լրատվության միջոցներ:
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
0 Մեկնաբանություն