Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է: Նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով Վրաստան կատարած այցի մանրամասները: «Այցը շատ բարձր մակարդակով անցավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, վրաց բոլոր գործընկերներին՝ արդյունավետ և տպավորիչ այցի համար: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասել է Փաշինյանը: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ 2 երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:
0 Մեկնաբանություն