«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԲՀԿ ցուցակի երրորդ համար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը: «Այս կարգախոսը պատահական չէ ընտրված, որովհետև այսօր մեր երկրի, պետության բացարձակ առաջնահերթությունն անվտանգությունն է, դրանից հետո նոր՝ տնտեսության զարգացումն ու հզոր պետության ստեղծումը»,-ասաց Տոնոյանը: Նա վստահեցրեց, որ կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ունենալու է շատ ակտիվ մասնակցություն, լինելու են հանրապետության բոլոր մարզերում, ունենալու են հանդիպումներ, ներկայացնելու են նախընտրական ծրագիրը: Տոնոյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ ատելության, թշնամանքի խոսքի տարածումից այս քարոզարշավի ընթացքում: «Մեր հասարակությունը «սևերի և սպիտակների» բաժանումը, հետևողականորեն ատելության, թշնամանքի, միմյանց հանդեպ անհանդուրժողականության մթնոլորտի տարածումը որևէ դեպքում որևէ լավ բանի չի հանգեցնելու»,-ասաց նա:
Տոնոյանն անդրադարձավ նախընտրական ծրագրի մի քանի դրույթի: Դրանում նշված է 10 մարզերի համաչափ զարգացման առաջնահերթությունը, կա նաև երիտասարդ ընտանիքների համար մատչելի սոցիալական բնակարանաշինություն իրականացնելու վերաբերյալ դրույթ: «Արժանապատիվ, նվազագույն աշխատավարձ, թոշակներ ունենալու հարցի կարգավորումը ևս կուսակցության առաջնահերթությունների շարքում է»,-ասաց Տոնոյանն ու վստահեցրեց, որ իրենք վստահաբար գիտեն, թե ինչպես կյանքի կոչել դրանք: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:
0 Մեկնաբանություն