Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Այսպես է սահմանում ՀՀ մայր օրենքը:
Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից:
Ըստ Սահմանադրության ՝ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/4-րդը:
Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/4-րդը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:
2-րդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության 3-րդ փուլ, որին կարող են մասնակցել 2-րդ փուլում առավել ձայներ ստացած 2 թեկնածուները:
3-րդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա 10-նօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:
0 Մեկնաբանություն