Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դուրը եկել էր. «Այն շատ ավելի լավն էր, քան Կառավարության ծրագիրը։ Տպավորություն էր, որ նրա գրչի տակով չի անցել ծրագիրը, քանի որ ոճաբանական բազմաթիվ խնդիր կային։ Եթե ընդդիմադիր լինեիք, ապա պատկերացնում եք` ինչ ելույթներ կունենայիք, ու գիտեմ` հիմա անկեղծորեն նախանձում եք մեզ։ Ինչպես Կլեմանսոն է ասել ժամանակին` դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ։ Ելույթում շատ լավ էր ձեւակերպված արցախյան հիմնախնդիրը։
Խնդրում եմ` տվեք հիմնախնդրի կարգավորման բանաձեւը, որ մենք անկախ մեր տարաձայնություններից, առաջ տանենք այն, գոնե ականջներիս ասեք, եթե չեք ուզում բարձրաձայնել։ Գրել եք` Արցախը հակամարտության հիմնական կողմն է, հանեք այս ձեւակերպումը, չի կարելի, եղբայրաբար եմ սա խնդրում։ Գոնե ուղղակի գրեք կողմ, քանի որ Ադրբեջանն է սկսել պատերազմը։ Դիմում եմ նաեւ նոր Կառավարության թիմի անդամներին` ինչ կարելի է վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին. քոփի փեստ եք անում նրա թեզերը. մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարան բացեք հեղափոխության մասին։ Դուք ժամանակավոր կառավարություն չեք, այլ կաշխատեք այնքան, ինչքան Աստված կկամենա ու ժողովուրդը։ Արտահերթ ընտրությունները առաքելություն չէ. դուք պարտավոր եք երկարաժամկետ հորիզոններ տեսնել»։
Նա անդրադարձավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթին` ասելով. «Ձեր պաթեթիկ ելույթը կեղծ ու դեկորատիվ էր. ավելի լավ է հալածյալ լինել, քան նոր Կառավարությունում տնփեսայի կարգավիճակով հյուրընկալած»։
Այնուհետեւ, Արմեն Աշոտյանը դիմեց Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին. «Հասկանում ենք, որ սիրում եք վարչապետին, ու նա այդքան մեծ հեղինակություն ունի, սակայն մի թաքնվեք նրա թիկունքում, այլ վերցրեք այդ բեռը ձեր ուսերին։ Եթե այսպես աշխատենք, ապա մի որոշ ժամանակ անց այնքան վատ է լինելու, որ արտահերթ ընտրությունների կարիք չեք ունենա։ ՀՀԿ-ն միակ ընդդիմությունն է, գնահատեք նրան` որպես գիտակ, ինստիտուցիոնալ ուժի։ Ձեզ սիրողներին, ֆանատներին ասեք, որ մենք թշնամի չենք, այլ քաղաքական մրցակիցներ ենք, որի կարիքը շատ եք զգալու։ Դիտարկեցիք ձեզ Մհաթմա Գանդիի փաթեթավորմամբ, սակայն Ռոբեսպիերի ու Կաշպիրովսկու հիպնոսի էլեմենտներով այս անգամ ներկայացաք։ Մեր երջանկության հեռանկարին, խնդրում եմ, վերաբերեք լուրջ` հուսով եմ ձեր` որոշ կողմնակիցների կողմից մարիխուանայի օրինականացման կոչերին ի հեճուկս»:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում կոչ արեց Արմեն Աշոտյանին չլքել դահլիճը, քանի որ իր ելույթի վերջում նրան էլ է անդրադառնալու։ Ճիշտ է, Արմեն Աշոտյամը դուրս եկավ դահլիճից, սակայն խոստացավ վերադառնալ։ Այդ պահին, երբ նա դուրս էր գալիս դահլիճից, Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց ցուցադրաբար ծափահարել։ Իսկ Միքայել Մելքումյանն ավարտեց ելույթը` մոռանալով, որ խոստացել էր անդրադառնալ նաեւ Արմեն Աշոտյանին։ Թեեւ իր ժամանակը սպառվել էր, իսկ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարել էր հաջորդ ելույթ ունեցողի անունը, պարոն Մելքումյանը հետ եկավ ու հայտարարեց. «Հա, հիշեք էներգետիկ շարժման ժամանակ` հեղափոխությունից առաջ Աշոտյանն ով էր։ Նայեք կադրերը»:
Սա բուռն բանավեճի առիթ հանդիսացավ Արփինե Հովհաննիսյանի հետ։ «Շարունակեք վարել, հա, նիստը»,-նետեց Միքայել Մելքումյանը։ «Դուք ինձ մի ասեք` ինչ անել։ Հարգելի գործընկերներ, ԱԺ կանոնակարգով շարունակեք, այլ ոչ թե Միքայել Մելքումյանի ցուցումներով»,- նույն կշտամբանքով արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը։ Ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Միքայել Մելքումյանի ելույթի որոշ շեշտադրումներին, հայտարարեց. «Դուք չեք այն մարդը, որ Սերժ Սարգսյանին քաղաքական բռնապետ ասեք»։ «Զսպեք ձեր մոլուցքը՝ հակադարձելու, պարոն Ֆարմանյան, իմ բոլոր արտահայտությունները ընկալեք քաղաքական հարթության վրա ու հավուր պատշաճի ընկալեք»,- արձագանքեց Միքայել Մելքումյանը։
0 Մեկնաբանություն